Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի կողմից իրականացվող երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել տեղերից ստացվող ահազանգերին, որոնք հիմնականում վերաբերում են աշխատանքների տեմպերին, որակին:
Փոխվարչապետը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին, «ՀՄՀ-Հայաստանի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանին առաջարկել է մանրակրկիտ ուսումնասիրել ահազանգերը, անհրաժեշտության դեպքում փոփոխել նախագծերը` հաշվի առնելով ի հայտ եկող հանգամանքները:
Նա պատասխանատուներին հորդորել է սերտորեն համագործակցել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ջրօգտագործող ընկերությունների հետ, ընթացքում առաջացող խնդիրներին տալ օպերատիվ լուծումներ:



























