Բահրեյնում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Աբու Դաբի) մայիսի 24-ին իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի Թագավոր նորին արքայական մեծություն Համադ բին Իսա Ալ Խալիֆային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Թագավորին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բահրեյնյան հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարեւորվել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու փոխադարձ այցերի ակտիվացումը:

Թագավորն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Բացի պաշտոնական հանդիպումներից, դեսպանը հանդիպել է նաեւ Բահրեյնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: