Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սկսվել է Արարատյան 2-րդ զանգվածի Կուրղինյան նրբանցքի 2-րդ շենքի բակից:  Այս մասին այսօր` մայիսի 25-ին, NEWS.am-ին հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին ներկայացրել է նախատեսվող բարեկարգման ծրագիրը, որի համաձայն` շուտով այստեղ բակի փոքրիկ բնակիչների համար կլինեն հարմարավետ խաղահրապարակներ, իսկ տարեցների համար` զրուցարաններ: Իսկ մյուս բակում, ուր այցելեց Կարեն Կարապետյանը, արդեն մեկնարկել էին բարեկարգման աշխատանքները եւ նախկինում առկա  »բոստանային»  տարածքների փոխարեն այսօր արդեն հարմարավետ նստարաններ են, զրուցարաններ, ժամանակակից մանկական խաղեր: Քաղաքապետը հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել նաեւ ծառերի եւ կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքին:  Կարեն Կարապետյանը շրջեց նաեւ վարչական շրջանի զբոսայգիներում, ծանոթացավ նախատեսվող բարեկարգման եւ կանաչապատման ծրագրերին: Որոշ այգիների վերակառուցման մասով քաղաքապետն առաջարկեց ներգրավվել նաեւ ներդրողների: Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, ներկայացրել այն ծրագրերն ու անելիքները, համաձայն որի առավել համակարգված կդառնա քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատանքը. «Եթե կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակ իր լիազորությունների շրջանակում ապահովի առաջադրված խնդիրների արդյունավետ լուծումները, ապա վստահեցնում եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ համակարգված վիճակ», - նշել է քաղաքապետը: