Երկրի նախագահն իր կադրային քաղաքականությամբ արհամարհում է հասարակական կարծիքը եւ այդպիսով էլ  ավելի խորացնում անջրպետը իր  եւ հասարակության միջեւ: Այս բովանդակության հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը`  անդրադառնալով Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետի հարցին: Նրանց փոխանցմամբ` սկսած 90-ական թվականների վերջից քաղաքում նոր թափ առավ պատմական եւ մշակութային հուշարձանների վերացման, հանրային տարածքների, կանաչ գոտիների, բակերի եւ մայթերի զավթման հանցագործ գործընթացը:

«Օրենքների կոպիտ խախտումներով եւ մասնագիտական առումով ոչ գրագետ  ճարտարապետական ծրագրերը այդ ժամանակվա քաղաքի գլխավոր ճարտարապետի ղեկավարությամբ եւ իշխանությունների հովանավորությամբ մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացումը տարել են ծայրահեղ սխալ ուղով` խաթարելով քաղաքի բնականոն կյանքը եւ աղավաղելով մայրաքաղաքի դիմագիծը: Այդ ծրագրերի հիմքում դրված էր անբարո գաղափար` մայրաքաղաքը իր պատմությամբ, մշակույթով, հանրային նշանակության տարածքներով եւ մարդկանցով ծառայեցնել մի  խումբ մարդկանց  մասնավոր շահերին: Այժմ նախկին  գլխավոր Ճարտարապետի վերանշանակումով հաստատվում է, որ ներկա իշխանությունների «Առաջ Հայաստան» կարգախոսը ընդամենը նշանակում էր հասարակության կողմից մերժված,  քրեականացված նոմենկլատուրայի մշտական  վերադարձ, արատավոր անցյալի վերարտադրում, այսինքն` «Հետ Հայաստան»: Դա նաեւ  նշանակում է, որ երկրի նախագահը իր կադրային քաղաքականությամբ արհամարհում է հասարակական կարծիքը եւ այդպիսով էլ  ավելի խորացնում անջրպետը իր  եւ հասարակության միջեւ: Երկրի ապագայի համար մտահոգ բոլոր առողջ ուժերի եւ քաղաքացիների հետ միասին այսուհետ «Ժառանգություն» կուսակցությունը առավել մեծ վճռականությամբ եւ անհանդուրժողականությամբ  պայքարելու է երկրի ապագայի համար խիստ վտանգավոր եւ կործանարար  գործընթացների դեմ»,- նշված է «Ժառնագության» հաղորդագրության մեջ: