ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Բայդենը դա արել է Ֆիլադելֆիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է ABC հեռուստաալիքի եթերում։ Նույն ժամանակ NBC հեռուստաալիքը հեռարձակել է Մայամիում ընտրողների հետ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ընտրողների հետ թեկնածուների առանձին հանդիպումներ անցկացնելու որոշումը ընդունվել էր Թրամփի եւ Բայդենի շտաբների կողմից ավելի վաղ նախատեսված հեռուստաբանավեճի չեղարկումից հետո։
Փոխադարձ մեղադրանքները ակնհայտորեն հիշեցնում էին նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին ամերիկացի ընտրողների շրջանում խորը պառակտման մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Նա [Թրամփը] հայտարարել է, որ [համավարակի վտանգավորության մասին] ոչ մեկին չի ասել, որովհետեւ վախեցել է ամերիկացիների շրջանում խուճապից,- ասել է Բայդենը՝ Ֆիլադելֆիայում ելույթ ունենալով ընտրողների առջեւ։ - Ամերիկացիները խուճապի չեն մատնվել։ Խուճապի է մատնվել նա [Թրամփը]»։
Թրամփը հանդես է եկել Սպիտակ տան Վարդագույն այգում անցկացված միջոցառման պաշտպանությամբ, երբ նախագահը հրապարակայնորեն հայտարարել էր Գերագույն դատարանում Էմի Քոնի Բարեթի թեկնածության առաջադրման մասին։ Միջոցառման մասնակիցներից շատերը դիմակով չէին եւ չէին պահպանում սոցիալական հեռավորությունը, ինչի հետեւանքով ոմանք, այդ թվում Դոնալդ Թրամփն ինքը կորոնավիրուսով էին վարակվել։
«Առաջին հերթին ես նախագահ եմ՝ ես պետք է տեսնեմ մարդկանց, ես չեմ կարող նկուղում նստել»,- ասել է Թրամփը NBC-ի եթերում՝ Մայամիիում բացօթյա ելույթ ունենալով ընտրողների առջեւ եւ Բայդենին քննադատելով, որ մի քանի ամիսների ընթացքում ընտրարշավ չի անցկացրել՝ վախենալով COVID-19 համավարակից։
Չնայած երկու թեկնածուները ընդհանուր բեմի վրա չէին, անմիջապես պարզ էր դարձել, որ երկու միջոցառումների գլխավոր թեման է լինելու կորոնավիրուսի համավարակը եւ վերջերս կովիդով Թրամփի վարակվելը։
Նախագահական երկրորդ բանավեճը նախապես ծրագրված էր հինգշաբթի, սակայն Թրամփը հրաժարվել էր միջոցառմանը մասնակցելուց, երբ 2 շաբաթ առաջ կազմակերպիչներն առաջարկել էին այն վիրտուալ անցկացնել։ Եզրափակիչ բանավեճը նախատեսված է հոկտեմբերի 22-ին։ Դրանք պետք է տեղի ունենա Նեշվիլում, Թենեսի նահանգ։
Թրամփը, որը 3 օր անցկացրել էր ռազմաբժշկական կենտրոնում, իր իսկ խոսքով արագ է ապաքինվել եւ վերադարձել նախընտրական քարոզարշավին՝ փորձելով փոխել մրցարշավի դինամիկան։ Reuters / Ipsos-ի անցկացրած սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում ընդհանուր առմամբ Բայդենը Թրամփից առաջ է անցնում, չնայած նրա առավելությունը տատանվող նահանգներում ավելի պակաս է արտահայտված։





























