ԱՄՆ-ում Իսրայելի շուրջ դեբատների մեծ մասը մի կարեւոր բան է բաց թողնում: Կոնգրեսն իր քննարկումը կենտրոնացնում է Իսրայելի մասին իր քննարկումը խաղաղ գործընթացի վրա. արդյո՞ք իսրայելական բնակավայրերը վիճելի տարածքներում խոչընդոտում են խաղաղության հնարավորությունները: Արդյոք արաբական պետությունների հետ խաղաղությունը պետք է նախորդի պաղեստինցիների հետ խաղաղությանը, թե՞, ինչպես կարծում է Թրամփի վարչակազմի, կարգավորումը կարող է տեղի ունենալ առանց առաջընթացի պաղեստինյան ճակատում: ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականներին օգնության եւ աշխատանքների գործակալությունները (UNRWA) օգնություն են, թե՞ խոչընդոտ խաղաղությանը հասնելու ճանապարհին:
Միեւնույն ժամանակ, որոշ համալսարաններում, հասարակական կազմակերպություններում եւ Նյու Յորքի էլիտար հասարակության մեջ քննարկումները կենտրոնացած են արդիականության վրա: Առաջադեմ եւ ժողովրդավարական շրջանակներում ավելի լայն իմաստով հակակրանք է տարածված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ: գրում է Մայքլ Ռուբինը The National Interest-ում հրապարակված իր հոդվածում:
«Այդ բանավեճը զգալի կերպով անտեսում է այն պատճառը, ինչի համար Իսրայելը ռազմավարական խոչընդոտ է դառնում Միացյալ Նահանգների համար: Պատճառը շատ ավելի քիչ է կապված այն խնդիրների հետ, թե ինչպես են Իսրայելի քաղաքականությունը եւ դիրքորոշումն ազդում պաղեստինցիների գործի վրա, իսկ ավելի շատ` դրա կողմից ամերիկյան մրցակիցների եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազատական կարգը վերաշարադրել ձգտող պետությունների իրավունքների եւ հնարավորությունների աջակցության եւ ընդլայնման հետ:
Ես արդեն գրել եմ Չինաստանի հետ Իսրայելի մտահոգիչ հարաբերությունների մասին: Խնդիրը ոչ միայն իսրայելական իսթեբլիշմենթի խուլությունն է, երբ գործը հասնում է Չինաստանի հետ ռազմական առեւտրին, այլ նաեւ իսրայելական տեխնոլոգիական ոլորտի պատրաստակամությունը` ողջունել չինական ներդրումները եւ արտադրանք վաճառել չինացի գործընկերներին: Այն համոզմունքը, որ Չինաստանի ռազմական արդյունաբերության եւ մասնավոր հատվածի միջեւ զգալի բրաունդմաուեր կա, սխալ է` այնպես, ինչպես այն գաղափարը, որ Պեկինը կհարգի մտավոր սեփականության իրավունքները:
Նեթանյահուն էլ ավելի է կուրացած իր ամբարտավանությամբ, եթե կարծում է, որ Իսրայելը կարող է օգտագործել Չինաստանին Իրանի եւ իր արաբական արմատական ռեժիմների հետ սեփական վեճում:
Խնդրահարույց են նաեւ Իսրայելի հարաբերությունները Ռուսաստանի հետ, չնայած` մի փոքր ավելի հասկանալի` հաշվի առնելով այն մեծ թվով իսրայելցիներ, ովքեր արտագաղթել են Ռուսաստանից եւ ռուսախոս համայնքներից Խորհրդային Միության փլուզումից հետո: Այնուամենայնիվ, Նեթանյահուն չափազանցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ջերմ կապերի կարեւորությունը: Իսրայելի ռազմական առեւտուրը Ռուսաստանի հետ ի վերջո ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը Միացյալ Նահանգների նկատմամբ:
Միգուցե Նեթանյահուն կարծում էր, որ իր գործարքները կփոխհատուցեն ռուսական ռազմական հետագա միջամտությունն Իրան, սակայն Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման Ռուսաստանի վերջին քայլերը վկայում են Նեթանյահուի միամտության մասին: Իսրայելցիները պետք է նաեւ գիտակցեն, որ Պուտինը ռազմավարական առումով խաղում է զրոյական գումարով. նա կարծում է, որ ինքը եւ Արեւմուտքը չեն կարող փոխշահավետ փոխըմբռնում գտնել, այլ ավելի շուտ` որ Մոսկվայի հաղթանակի համար պետք է պարտվի Վաշինգտոնը: Նա հաջողությամբ խաթարել է Իսրայելի աջակցությունը Ուկրաինային եւ Վրաստանին` Իրանին չօգնելու դատարկ խոստման հիման վրա: Ցանկացած դիվանագիտական զիջում, որն Իսրայելը անում է Ռուսաստանի նկատմամբ, ի վերջո վնասում է Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերին:
Մինչ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները շարունակում են սառը մնալ, Իսրայելի կառավարությունը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որի մեծ մասն այժմ օգտագործվում է հայերով բնակեցված տարածքների էթնիկ մաքրման համար: Ավանդաբար իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները հիմնված էին ընդհանուր սպառնալիքի վրա, որն Իրանը ներկայացնում է երկու երկրների համար:
Թեհրանը նույնպես ավանդաբար Բաքուն որպես սպառնալիք էր դիտարկում, քանի որ այն առավելապես շիական պետություն է, որը գերազանցում էր Իրանին` չնայած որ չէր համապատասխանում Իրանի աստվածապետական մոդելին: Այս հաշվարկը հնացել է: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի պատրաստակամությունն Ադրբեջանի անկախությունը ստորադասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցեղասպանության քմահաճույքներին եւ նպատակներին պետք է վերջ տա ցանկացած իրատեսական ընկալումներին առ այն, որ Իսրայելը պետք է վստահի կամ աջակցի Ադրբեջանին:
Մինչ Իսրայելը ժամանակին օգուտ էր քաղում հսկիչ սարքավորումների եւ լրտեսական բջիջների տեղակայումից Ադրբեջանում, Թուրքիան նախկինում ցույց է տվել իր պատրաստակամությունը բացահայտել այդ բջիջներն այլ վայրերում եւ հավանաբար կանի դա նաեւ Ադրբեջանում: Այն փաստը, որ Ալիեւը ողջունում է Թուրքիայի աջակցությունը վայելող վարձկաններին Սիրիայից, որոնց մի մասը հավանաբար ծառայել «Ալ-Քաիդա»-յի եւ «Իսլամական պետության» հետ կապված խմբերում, եւս պետք է անմիջական պատճառ լինի Ալիեւի ռեժիմի ցանկացած վստահության դադարեցման համար:
Թուրք-ադրբեջանական համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ծրագրի եւ դրան հաջորդած քրիստոնեական եկեղեցիների եւ համայնքների ռմբակոծման գործում պետք է էլ ավելի շատ հարցեր հարուցի` արդյո՞ք Ալիեւը շրջվում է դեպի Էրդողանի աշխարհայացքը:
Այնուամենայնիվ, Իսրայելը կորցնում է բարոյական առավելությունն իր այն փաստարկներում, որ պետությունները չպետք է զենք վաճառեն Իրանի ռեժիմին, ինչը կարող է ցեղասպանության հանգեցնել, երբ հրեական պետությունը զենք է վաճառում մի ռեժիմի, որն օգտագործում է այն քրիստոնյաների սպանության համար:
Ժամանակն է, որպեսզի Հասարակայնության հետ կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն (AIPAC) եւ ամերիկա-իսրայելական այլ խմբերը շեղվեն Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնից եւ կրկին պահանջեն դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից:
Իսրայելն, իհարկե, Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակիցն է մնում, եւ երկրների սերտ կապերը չափազանց ձեռնտու են երկու կողմերին էլ: Սակայն Միացյալ Նահանգները երբեք չպետք է աչք փակեն Իսրայելի բազմակի փորձերի վրա` կապվել Ամերիկայի հակառակորդների հետ եւ նրանց հետ զբաղվել զենքի ու տեխնոլոգիաների առեւտրով: Քիչ է, որ Իսրայելի ռազմավարական արդարացումները միշտ հիմնված են եղել Չինաստանի, Ռուսաստանի եւ այժմ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարի կամքի մասին սխալ ենթադրությունների վրա, չի կարելի անտեսել նաեւ Ամերիկայի ռազմավարական շահերին հասցված վնասը: Եթե Իսրայելը շարունակի ռազմավարական խոչընդոտ հանդիսանալ ԱՄՆ-ի համար, ապա դրան պետք է որպես այդպիսինի վերաբերվել»:





























