Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասը մտադիր չէ հրաժարվել Մոսկվայի հետ երկխոսությունից՝ նույնիսկ ընդդիմության հայտնի առաջնորդ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումից հետո, հաղորդում է DW-ը:
«Մենք ռուսների հետ նստած ենք մի սեղանի շուրջ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, Լիբիայում Բեռլինի կարգավորման գործընթացում եւ Ուկրաինայի հարցի շուրջ: Այս բոլոր ֆորումներում խոսքը պատերազմների դադարեցման մասին է»,- RedaktionsNetzwerk Deutschland-ին տված հարցազրույցում ասել է սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչը:
Մաասը հայտարարել է, որ Ուկրաինայում եւ Լիբիայում առաջընթաց կա, ուստի, նրա խոսքերով, Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում չի լինի:
«Աշխարհում չափազանց շատ մարդիկ կախված են այն բանից, որ համաշխարհային հանրությունը հոգա այդ հակամարտությունների լուծման համար, այդ թվում՝ ռուսների հետ երկխոսության միջոցով: Ոչ ոք չի կարող շահագրգռված լինել գերմանա-ռուսական հարաբերություններում նոր սառցե դարաշրջանով»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:
«Ցավոք, Գերմանիան Մոսկվայի հետ ունի նաեւ իրարամերժ թեմաներ, օրինակ՝ Թիերգարդենում տեղի ունեցած սպանությունը եւ Բունդեսթագի վրա հաքերային հարձակումը: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են բարդ մնալ»,- ասել է նա:





























