Սաուդյան մանրածախ առեւտրի առաջատար ցանցերից մեկը հայտարարել է, որ թուրքական ապրանքների ներմուծումը դադարեցրել է արաբական ամենախոշոր միապետությունում Թուրքիայի տոտալ բոյկոտի արշավի ֆոնին՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի երկրների ներքին գործերին այդ երկրի միջամտության քաղաքականության պատճառով։ Սաուդյան Abdullah Al Othaim Markets ռիթեյլերը հայտնել է, որ մանրածախ առեւտրի ցանցի մենեջերներին կարգադրել է դադարեցնել տեղացի մատակարարների թուրքական ապրանքների վաճառքը եւ «արագ ազատվել» իրենց բոլոր մասնաճյուղերում ու պահեստներում այդ արտադրանքի պաշարներից։ Այս քայլը կոչված է համերաշխություն ցուցադրելու թագավորությունում Թուրքիայի բոյկոտի  հանրային արշավին, նշում է Gulf News-ը։

«Մեր առաջնորդները, կառավարությունը եւ անվտանգությունը կարմիր գիծն են, որը չի կարելի հատել»,- նշված է Abdullah Al Othaim Markets-ի հայտարարության մեջ։

Ընկերությունը միեւնույն ժամանակ «հարգանք է արտահայտել թուրք ժողովրդին՝ նրան կոչ անելով ազատվել իր կառավարության ամոթալի գործողություններից»։

Սաուդյան ռիթեյլերը վստահ է, որ թուրքական ապրանքներին մրցունակ գներով այլընտրանք կգտնի։

Այս ամիս ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Առեւտրի պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը կոչ էր արել բոյկոտել «թուրքական ամեն ինչը», ներառյալ ներմուծման, ներդրումների եւ այդ երկրի հետ տուրիզմի գործարքները։ Բոյկոտի կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Պարսից ծոցի մի քանի երկրներ «թիրախավորել» են Թուրքիան եւ տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն են վարում։

Դեռեւս մինչեւ ալ Աջլանի կոչը, Թուրքիայի հիվանդ տնտեսությունն արդեն իր վրա զգացել էր Սաուդյան Արաբիայի հակաթուրքական տրամադրությունները։ Անցյալ տարի թագավորությունում թուրք կապալառուների իրականացրած շինարարական նախագծերի արժեքը նվազել էր մինչեւ 559 մլն դոլար՝ 2018 թվականի 3 մլրդ դոլարի համեմատությամբ։ Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին այս թիվը նվազել է մինչեւ 21 մլն դոլար, նշում է Gulf News-ը։

Սաուդյան Արաբիայի Գլխավոր վիճակագրական վարչության տվյալներով՝ նույն կերպ նվազել է Սաուդյան Արաբիա թուրքական արտահանման արժեքը՝ 2018 թվականի 12,7 մլրդ դոլարից մինչեւ 2019-ին 9,4 մլրդ դոլար։