Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ հրաժարվել է ընթացիկ շաբաթ Թուրքիա այցից արեւելյան Միջերկրական ծովում Անկարայի գործողությունների լույսի ներքո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Շաբաթվա սկզբին Oruc Reis հետազոտական նավը կրկին ուղարկելով (հունական ծովային շելֆի շրջանում սեյսմիկ հետախուզման), Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրաբար ստեղծել էինք»,- շաբաթ Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորման հետ հարցազրույցում ասել է Մաասը։ «Այս կապակցությամբ ես խուսափեցի ընթացիկ շաբաթ նախատեսված Անկարա այցից»,- հայտնել է նա։
Հունաստանն ու Կիպրոսը մի քանի ամիս շարունակ Եվրամիությունից ակտիվորեն պահանջում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով։ Հունաստանն այս ամառ Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանափակման մասին համաձայնագրեր էր կնքել, որոնք հաստատում են ծովային շելֆում հունական կղզիների եւ բացառիկ տնտեսական գոտու իրավունքը։ Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, եւ սեյսմիկ հետախուզման նպատակով ռազմանավերի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավն ուղարկել էր Կաստելորիզո կղզուն մերձ հունական ծովային շելֆ։ Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստականության էր բերել իր զինված ուժեր եւ հայտարարել, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքները։
Սեպտեմբերի 13-ին նավը վերադարձել էր թուրքական Անթալիայի նավահանգիստ պլանային տեխզննման համար, սակայն Թուրքիան հայտարարել էր, որ Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզումը շարունակվելու է։ Վերջին տեղեկություններով՝ երկուշաբթի Oruc Reis նավը Անթալիայի նավահանգստից կրկին ծով էր դուրս եկել։





























