WikiLeaks կայքը մայիսի 24-ին գաղտնի դիվանագիտական հեռագիր է հրապարակել 2007թ. մարտի  9-ին ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի եւ Ստամբուլի փոխնահանգապետ Ֆիքրեթ Քասափօղլուի հանդիպման վերաբերյալ, գրում է Asbarez-ը: Հանդիպմանը խոսք է գնացել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում եւ Սենատում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին:

«Բրայզան ընդգծել է, որ վարչակազմը ջանքեր է գործադրում, որպեսզի համոզի Կոնգրեսին չընդունել բանաձեւը: Նրա խոսքով, վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Քասաբօղլուն իր հերթին նշել է, որ բանաձեւի չընդունումը կարելի է հիմնավորել հետեւյալ 4 կետերով.

- Ստամբուլը հանդուրժողական քաղաքականություն է վարել տարբեր մշակույթների հանդեպ ՝ սկսած Օսմանյան Կայսրությունից։

- Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական եւ ներկայիս քաղաքական լարվածությանը՝ ավելի քան 40 հազար հայաստանցի նախընտրում է ապրօինի բնակվել Թուրքիայում։ (Թուրքական կառավարական աղբյուրները նշում են 70 հազար թիվը)

- Հրանտ Դինքի սպանության հանրային քննարկումը նշան էր այն բանի, որ հարգանք գոյություն ունի մարդկանց եւ տարբեր մշակույթների միջեւ։

- Թուրքիայի երիտասարդների մեծ մասի համար դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ Ցեղասպանության քաղաքականացումը միայն ատելություն կսերմանի:

«Նահանգապետի տեղակալը համաձայնել է, որ կոնստրուկտիվ չէ շարունակել ընդդիմանալ Հայոց ցեղասպանության բանաձեւերին՝ պատճառաբանելով, թե դա կնպաստի ազգայնամոլության աճին՝ սպառնալով Թուրքիայում հայկական համայնքի անվտանգությունը։ Քասափօղլուն առաջարկել է շեշտը դնել կրոնական փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի հանդուրժողականության ավանդույթի եւ այն փաստի վրա, որ հազարավոր հայեր դեռեւս նախընտրում են ապօրինի կերպով գաղթել Թուրքիա»: