Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո կորոնավիրուսով Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսի վարակվելու լուրից հետո հայտնի է դարձել նաեւ նրա ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին:

Ինչպես նշում է Reuters-ը, մտավախություններ են առաջացել այն բանի հետ կապված, որ ԵՄ արտգործնախարարների հանդիպումը դարձել է կորոնավիրուսի, այսպես կոչված, «գերտարածման» իրադարձություն:

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Սոֆի Վիլմեսը եւ Ալեքսանդր Շալենբերգը նախաճաշելիս կողք կողքի են նստած եղել ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

«Կասկածվում է, որ Շալենբերգը կարող է վարակված լինել երկուշաբթի Արտաքին գործերի խորհրդում՝ Լյուքսեմբուրգում»,- հայտնել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է նաեւ, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մինչեւ կորոնավիրուսի թեստի պատասխանը ստանալը առայժմ տնից կաշխատի:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի թեստի պատասխանը նույնպես բացասական է եղել: