Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը վստահ է, որ ներքին գործերի նախարար Մարտ Հելմեն չի կարող պաշտոն զբաղեցնել երկրի կառավարությունում: Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Facebook-ում, հայտնում է DW-ն:

«Չարությունը եւ ատելությունը երբեք չեն կարող լինել քաղաքական օրակարգ»,- նշել է նա:

Էստոնիայում քաղաքական աղմուկ է բարձրացել ՆԳՆ ղեկավարի հոմոֆոբ հռետորաբանության պատճառով, որը հնչել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Հելմեն, մասնավորապես, ասել է, որ օրենսդրությունում պետք է հստակ ու պարզ նշվի, որ ամուսնությունը միություն է «մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միջեւ, եւ վերջ»: Բացի այդ, նա բոլոր գեյերին խորհուրդ է տվել փախչել Շվեդիա, որտեղ նրանց «ավելի քաղաքավարի են նայում»՝ հավելելով, որ ինքը «անբարյացկամ» վերաբերմունք ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների հանդեպ:

«Նման աշխարհայացք ունեցող նախարարը պիտանի չէ Էստոնիայի Հանրապետության կառավարության համար»,- ասել է Կալյուլայդը՝ նշելով, որ իր տեսակետը հասցրել է երկրի վարչապետ Յուրի Ռատասին: