Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո հայտարարել է, որ երեք շաբաթվա ընթացքում կառավարություն կձեւավորի, հայտնում է Reuters-ը:

Ընդ որում, նա չի հայտնել`նախարարների տեղերը կզբաղեցվեն միայն իշխող Լեյբորիստական ​​կուսակցության կողմից, թե՞ իշխանությունները կոալիցիա կկազմեն որեւէ ուժի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել խորհրդարանական ընտրություններում Արդերնի իշխող  կուսակցության հաղթանակի մասին: Քանի որ լեյբորիստները մեծամասնություն են կազմելու խորհրդարանում, 1996 թվականին ներդրված համամասնական ընտրակարգի համաձայն, դա նրանց թույլ է տալիս կառավարություն կազմել, որում ընդգրկված կլինեն միայն իշխող կուսակցության անդամներ:

«Չնայած այն հանգամանքին, որ վերջնական արդյունքին դեռ երեք շաբաթ կա, մենք աշխատելու ենք կառավարության ձեւավորման ուղղությամբ այս շրջանակներում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ջասինդա Արդերնը:

Լեյբորիստները ստացել են խորհրդարանի 120 տեղերից 64-ը: Վերջին երեք տարիների ընթացքում իշխող կուսակցությունը կոալիցիայի մեջ է եղել Կանաչների կուսակցության եւ Նոր Զելանդիայի ազգային կուսակցության հետ:

Չնայած այն քաղաքական աջակցության կարիք չունի, սակայն կոալիցիաները Նոր Զելանդիայում նորմ են համարվում, քանի որ կուսակցությունները կոնսենսուսի են ձգտում:

«Ես կանաչներին ասել եմ, որ հաջորդ շաբաթ կբանակցեմ իրենց հետ: Այս պահին ես չեմ ուզում եզրակացություն անել»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը:

Կանաչները հավաքել են ընտրողների ձայների 7.6 տոկոսը, բայց Նոր Զելանդիայի ազգային կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել խորհրդարան անցնելու համար:

Ընդ որում, խորհրդարան է վերադարձել նաեւ Մաորի կուսակցությունը, որը ներկայացնում է երկրի բնիկ բնակչության 15 տոկոսը: