Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 26-ին այցելել է «Մխչյան 1»  եւ «Ռանչպար 1» պոմպակայանների շինհրապարակ, որոնք վերականգնվում են  «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրով: 

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռանչպար 1» պոմպակայանի վերականգնումն արդեն ավարտված է, պահանջարկի դեպքում այն պատրաստ է ջրամատակարարում ապահովել:

«Մխչյան 1»-ում եւս աշխատանքները գրեթե ավարտված են, առաջիկա օրերին պոմպակայանը կշահագործվի: Ներկայումս որոշակի աշխատանքներ են կատարվում գլխամասային հանգույցում: Փոխվարչապետին տեղեկացրել են, որ մինչ այժմ,  պահանջարկի առկայության  դեպքում, ջրամատակարարումն իրականացվել է այլընտրանքային եղանակներով:

Փոխվարչապետը «ՀՄՀ –Հայաստան» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը հանձնարարել է արագացնել պոմպակայանների փորձարկման, հնարավոր թերությունների շտկման աշխատանքները, որից հետո պոմպակայանները հանձնել շահառուին:

Փոխվարչապետին ուղեկցել են «ՀՄՀ –Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: