Երեւանում այսօր` մայիսի 24-ին ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտաս-16 շենքի դիմաց ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երկու մարդու եւ փորձել խուսափել պատասխանատվությունից:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 42-ամյա Արտակ Գրիգորյանը, ով աշխատում է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Երեւանի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքում որպես տեսուչ` ավագ լեյտենանտ կոչումով, վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ Իրանի քաղաքացիներ 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի թիվ 78 դպրոցի 11-րդ դասարանում) եւ 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում):
Նրանք քույր ու եղբայր են, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում եղբայրը` Արթուրը գիտակցության չգալով մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Այնտեղ էին նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Լեւոն Շմավոնյանը, իսկ քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը:
Ի դեպ, վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առեւանգել են: Սակայն շատ ավելի ուշ, գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի ավտոառեւանգում էլ չի եղել եւ վրարեթը կատարել է Արտակ Գրիգորյանը:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ի դեպ, այս տարվա փետրվարի 17-ին եւս մեկ վթար է տեղի ունեցել Արտակ Գրիգորյանի մասնակցությամբ, նույն մեքենայով: Այն ժամանակ Գրիգորյանի Toyota Prado-ն բախվել էր տաքսի մեքենային, որի ուղեւորները տեղափոխվել էին հիվանդանոց: Ընդ որում, Արտակ Գրիգորյանը մինչ ոստիկանների ժամանելը թաքցրել էր մեքենայի համարանիշները:










Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























