Հայաստանում տարեցտարի ավելանում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերը։ Հիմնական պատճառն ազգաբնակչության անառողջ կենսակերպն է։ Այսինքն, ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշը, սպորտով զբաղվելու ցանկության պակասը, յուղոտ սննդամթերքի օգտգործումը, որը կարելի է ասել ազգային ավանդույթ է։ Պարզ է, որ առողջ ապրելակերպի ձգտումը պետք է մանկական հասակից քարոզվի։ Եվ հարցին պետք չէ զուտ դաստիարակչական տեսանկյունից նայել, քանի որ մահացությունների պատճառների զգալի մասը սիրտ-անոթային հիվանդության հետեւանք են։
Խանութներում վաճառվող սննդամթերքը պետք է ոչ միայն սննդարար, այլեւ «առողջ» լինի, այսինքն՝ նվազագույնը պարունակի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարած սննդի տեսքով «երեք թույները»՝ աղ, յուղ եւ շաքար։ Նախորդ տարվա հոկտեմբերից Հայկական բժշկական ասոցիացիան «Առողջ սնունդ՝ առողջ սիրտ» ծրագրի շրջանակում Հայաստանի սնունդ արտադրող ընկերություններին կոչ արեց արտադրել ճարպի, աղի եւ շաքարի քիչ պարունակությամբ սնունդ, իսկ չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկողին խոստացավ շնորհել «Առողջ սիրտ» նշանը։
Ըստ ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի՝ ծրագրին մասնակցելու համար դիմել են 12 ընկերություններ, որոնցից երկուսի արտադրանքն է լաբորատոր հետազոտությունից հետո արժանացել «Առողջ սիրտ» նշանին։ «Աշտարակ կաթ» եւ «Բեկոն պրոդուկտ» ընկերություններին «Կովիկ» եւ «Դոկտոր» ապրանքնանշների համար մայիսի 26-ին շնորհվեց «Առողջ սիրտը»։ «Արտադրողները լուրջ պետք է վերաբերեն սննդամթերքի արտադրությանը, եւ ձգտեն առողջարար սնունդ արտադրել»,- նշեց մրցանակիր «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը՝ ավելացնելով, որ հետագայում եւս պատրաստ է համագործակցել ասոցիացիայի հետ։
«Բեկոն պրոդուկտ» ընկերության տնօրենը նշեց, որ մրցանակը պատավորեցնող է, եւ նպատակ ունեն եւս մեկ ապրանքանիշում նվազեցնել յուղայնությունը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, հանրապետության գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը՝ NEWS.am-ի թղթակցին ներկայացնելով Երեւանի դպրոցներում աշակերտների շրջանում ավելորդ քաշի վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները նշեց, որ 10-16 տարեկան երեխաների 16 տոկոսի մոտ ավելորդ քաշ, իսկ 6 տոկոսի մոտ գիրություն է առկա։ Ըստ նրա՝ նշված ցուցանիշը արագ աճի միտում ունի, եւ ամենամտահոգիչն այն է, որ ընտանիքներում մեծ մասը չի փորձում գիրության դեմ պայքարել պակաս կալորիականությամբ սննդի միջոցով։
Հասկանալի է, որ որեւէ ծնողի «սիրտը չի տանի» արգելել երեխային պաղպաղակ, կոնֆետ օգտագործել, բայց, եթե խանութներում վաճառվի ցածր կալորիականությամբ սնունդ, միգուցե հարցը լուծում ստանա։






























