Թոմաս Ջեֆերսոնի մազերից վերցված ԴՆԹ-ի նոր վերլուծությունը, հետազոտողների փաստմամբ, անհերքելի ապացույցներ է ի հայտ բերել այն մասին, որ ԱՄՆ երրորդ նախագահը եղել է իրենց ընտանիքին պատկանող ստրկուհու՝ Սալի Հեմինգսի երեխաների հայրը։

Սմիթսոնյան ինստիտուտի մասնագետները Ջեֆերսոնի մազերից ստացված գենետիկական նյութը համեմատել են նրա և Հեմինգսի հավանական 13 շառավիղների ԴՆԹ նմուշների հետ։ Ինչպես հայտնում է NYP-ն, շուրջ 15 տարի տևած այս ծավալուն աշխատանքին մասնակցել են հնագետներ, տոհմաբաններ, մոլեկուլային գենետիկներ ու պատմաբաններ։

Ջեֆերսոնի և Հեմինգսի կապի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս 19-րդ դարասկզբից։ Այժմ հետազոտողները վստահ են, որ վերջապես ստացել են դրա գենետիկական անառարկելի հաստատումը։

«Կարող են լինել նաև այլ կարծիքներ, և չեմ պնդում, թե սա ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումն է, սակայն փաստերն ավելի քան համոզիչ են։ Ամեն ինչ ակնհայտ է»,— նշել է նախագիծը ղեկավարող հետազոտող Ռիչարդ Կուրինը։

Ուսումնասիրությունները մեկնարկել են 2011 թվականին, երբ Կուրինը փաստավավերագրական ֆիլմ էր նկարահանում Ջեֆերսոնի անձնական Աստվածաշնչի մասին։ Էջերին նախագահի արյան հետքերը փնտրելու ընթացքում գիտնականները երեք մազ են գտել, որոնք, սակայն, չեն համապատասխանել մոր կողմից Ջեֆերսոնի ազգականի ԴՆԹ-ին։

Ավելի ուշ հետազոտողներին հաջողվել է ձեռք բերել Ջեֆերսոնի մազափունջը, որը, ըստ ավանդության, կտրել էին 1826 թվականին՝ Մոնտիչելոյի կալվածքում նրա մահվան մահճում։ Հենց այս նմուշի շնորհիվ էլ հնարավոր է դարձել վերծանել նախագահի ամբողջական գենոմը։

Հայրության տարբեր վարկածներ ստուգելու համար մասնագետները մոտ 20,000 մոդելավորում են անցկացրել՝ համեմատելով Ջեֆերսոնի, նրա եղբայր Ռենդոլֆի և վերջինիս որդիների տվյալները։ Արդյունքները ցույց են տվել, որ հավանականությունը, թե Ջեֆերսոնը Հեմինգսի որդիների՝ Մեդիսոնի և Իսթոնի հայրը չէ, փոքր է հազարից մեկից։

Այնուամենայնիվ, հետազոտությունը անմասն չի մնացել տարաձայնություններից։ Այս ամիս Հեմինգսի շառավիղներից մեկը, ով իր ԴՆԹ-ն տրամադրել էր 2015 թվականին, պահանջել է հեռացնել իր տվյալները նախագծից։ Նրան դուր չէր եկել, որ Կուրինի գիրքը պետք է հրատարակվեր գիտական ամսագրում հոդվածի տպագրությունից առաջ։ Սմիթսոնյան ինստիտուտը հաստատել է, որ նմուշն ու դրա հետ կապված տվյալները ոչնչացվել են, որից հետո ևս մեկ անգամ վերլուծություն է անցկացվել՝ առանց դրանց։

Երկու ընտանիքների ժառանգների համար սա սոսկ գիտական բացահայտում չէր։ Ջեֆերսոնի 6-րդ սերնդից Դևիդ Միլերը նշել է, որ ուրախ է ստացված արդյունքների և Հեմինգսների ընտանիքի հետ ծանոթանալու առիթի համար։ «Ուրախալին այն է, որ հիմա այս ընտանիքը, հուսով եմ, կստանա իր վաստակած ճանաչումը»,— ասել է նա։