ԱՄՆ-ը նախատեսում է վերսկսել Սառը պատերազմի ժամանակների ամերիկյան ռազմական բազայի աշխատանքը Գրենլանդիայի հարավում՝ Դանիայի հետ նոր համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Դանիան, ԱՄՆ-ը և Գրենլանդիան սեպտեմբերի 22-ին կստորագրեն Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ամրապնդման մասին պայմանագիր, ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էին Սպիտակ տանը։ Արարողությանը կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
«Խոսքը Նարսարսուակի մասին է, որի բնակչությունը կրճատվել է մինչև մի քանի տասնյակ մարդ այն պահից, երբ 1950-ականներին ԱՄՆ-ը այնտեղ փակեց իր Bluie West One ռազմական բազան», - փոխանցում է գործակալությունը։
Բացի այդ, նախատեսվում է ԱՄՆ ռազմական զորախմբի տեղակայում Մեսթերսվիգ բազայում՝ Գրենլանդիայի արևելյան ափին, որը ներկայումս օգտագործվում է դանիական շների սահնակներով պարեկային ծառայության կողմից։
Համաձայնագրի մանրամասն բովանդակությունը չի բացահայտվել։ Գործարքի պայմաններին ծանոթ երեք աղբյուրներ, որոնք խոսել են անանուն մնալու պայմանով, հայտարարել են, որ փաստաթղթի մանրամասները վերջնականապես կհամաձայնեցվեն միայն դրա ստորագրումից հետո։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր Դանիայի հետ Գրենլանդիայի «անվտանգության» վերահսկողության վերաբերյալ անժամկետ գործարքի մասին։ Համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ը ստանում է կղզու անվտանգության վերահսկողությունը՝ առանց որևէ ֆինանսական ծախսի, իսկ Պենտագոնը անմիջապես կսկսի կղզում խոշոր ռազմական զորախմբի տեղակայումը։





























