Լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը, ում եւս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով ներում է շնորհվել, իր ազատ արձակումը «հրաշք» է անվանել:

«Ես դեռ այդ հրաշքի ազդեցության տակ եմ: Միաժամական, ես գիտակցում եմ, որ տեղի ունեցածը օրինաչափ է: Ես պետք է լինեի ազատության մեջ: Ես ներման խնդրագիր չեմ գրել, բայց երկու ամիս առաջ գրել եմ Իլհամ Ալիեւին, կանխատեսելով, որ ի վերջո, կհայտնվեմ ազատության մեջ: Նամակի արձագանքը, համարում եմ, որ եղել է անմիջապես: Իմ ազատ արձակումը հենց այդ արձագանքն էր:

Շնորհակալ եմ Եվրահանձնակատար Թոմաս Համերբերգին: Առաջին հրաշքը Եվրադատարանի որոշումն էր: Շնորհակալ եմ նաեւ Տորբյորն յագլանդին:

Ես շնորհակալ եմ ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային: Նա պահեց իր խոսքը` մինչեւ վերջ պայքարել ադրբեջանցի լրագրողների ազատ արձակման համար:

Դունյա Միյատովիչն արդեն զանգահարել է ինձ ու շնորհավորել:

Իմ հարցը Եվրամիության նախարարների խորհրդի հունիսի 6-ի օրակարգում էր: Ես լրագրող եմ: Եթե պետությունն ապահովի իմ անվտանգությունը, ես կշարունակեմ իմ գործունեությունն Ադրբեջանում: Ես կալանավորվել եմ մի երկրում, ազատ արձակվել մեկ այլ երկրում»,- հայտարարել է «Ազադլիգ»-ի թղթակից Էյնուլա Ֆաթուլաեւն` ազատ արձակվելուց հետո:

Ֆաթուլաեւը 2007-ին դատապարտվել է 2 անգամ. զրպարտության, ահաբեկչության սպառնալիքի եւ մի շարք այլ հանցագործությունների համար` ընդհանուր առմամբ, 8,5 տարվա ազատազրկման:

Ստասբուրգի դատարանը ճանաչել է Ֆաթուլաեւի իրավունքների խախտման փաստը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել լրագրողին: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ֆաթուլաեւին համարել է խղճի կալանավոր: