«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով մայիսի 26-ի գիշերը Վրաստանում ընդդիմության ցույցը ցրելու ժամանակ 12 լրագրողներ են տուժել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իրավապաշտպանները հայտնում են, որ լրագրողներին վիրավորել են եւ ծեծել, իսկ նրանց ֆոտո եւ տեսախցիկները ջարդել են ու ոչնչացրել: Բացի այդ, տեղի են ունեցել մի քանի ապօրինի ձերբակալություններ:
Նրանց տեղեկություններով, «Նետ Գազետա» թերթի թղթակիցները տուժել են արցունքաբեր գազից ու ռետինե գնդակներից: Լրագրողուհիներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Ձերբակալվել են «Էքսպերս նովոստի» պարբերականի երկու լրագրող, որոնցից պահանջել են այլեւս չլուսաբանել ընդդիմության ակցիաները:
Interpressnews-ի լրագրողուհիներից մեկը մի քանի ժամ անցկացրել է ոստիկանությունում, նրա գործընկերոջը ծեծել են եւ խլել ֆոտոխցիկը:
Տուժել են նաեւ media.ge ինտերնետ-կայքի, Guria News, «Ռեզոնանսի» թերթերի, Obiektivi եւ Assavali Dassavali պարբերականների լրագրողները:
Ռուս լրագրողներից, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, տուժել է «ՌԻԱ նովոստիի» թղթակից Անդրեյ Մալիշկինը, ով ծեծի է ենթարկվել եւ 5 ժամ անցկացրել ոստիկանության բաժանմունքում:



























