Իսլամիստական ահաբեկչության սպառնալիքը շարունակում է բարձր մնալ, համարում է Գերմանիայի գլխավոր դատախազ Պետեր Ֆրանկը: Չարժե համարել, որ իսլամիստական ահաբեկչությունը նահանջում է, միայն այն պատճառով, որ 2020 թվականին Գերմանիայում չի գրանցվել մասշտաբային հարձակում, ընդգծել է դատախազը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ նոյեմբերի 1-ին: Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցույց են տալիս, որ Գերմանիան ու Արեւմտյան Եվրոպան դեռեւս գտնվում են արմատական իսլամիստների տեսադաշտում, նշել է Ֆրանկը:

Գարնանը Հյուսիսային Ռեյն դաշնային հողում բերման են ենթարկվել Տաջիկստանի քաղաքացիներ, որոնք ԻՊ ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամներ են, հաղորդում է DW-ը:

Հետաքննությունը համարում է, որ նրանք պատրաստում էին հարձակումներ Գերմանիայի տարածքում, հայտարարել է Ֆրանկը: 2020 թվականին գլխավոր դատախազությունը հարուցել է 320 նոր դեպք՝ կապված իսլամիստական ահաբեկչության հետ: Ֆրանկի խոսքով՝ դա ավելի քիչ է, քան նախորդ տարիներին, սակայն այդ ցուցանիշը բնավ չի արտացոլում «սպառնալիքի որակական մակարդակը»:

Ընդ որում՝ գլխավոր դատախազը ամենամեծ սպառնալիքը տեսնում է երկրի անվտանգության համար աջակողմյա ահաբեկիչների շրջանում: Ֆրանկի խոսքով՝ աջակողմյա ահաբեկչության ոլորտում անցկացված հետաքննությունների թիվը վերջին տարիներին աճում է: «Մեր ազատ ժողովրդավարական հասարակական կարգը ենթարկվում է բոլոր գաղափարախոսությունների ծայրահեղականների հարձակման»,-ընդգծել է նա: