Քիչ բնակչություն ունեցող համայնքները միավորվելու եւ դառնալու են խոշոր համայնքներ։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Ըստ նրա՝ սա արվում է, որպեսզի գյուղատնտեսական տեխնիկան եւ այլ միջոցները, որոնք չեն կարող տրամադրել յուրաքանչյուրին առանձին-առանձին, խոշորացված համայնքների միջոցով հասանելի լինեն յուրաքանչյուրին։

Հովհաննես Մարգարյանը նաեւ նշեց, որ իրականացվելու է համայնքների անձնագրավորում։ Այսինքն՝ համայնքում եղած մի շարք խնդիրներից կընտրվեն առաջնային 3-ը եւ կներկայացվեն կառավարությանը՝ այդ կերպ հեշտացնելով կառավարության գործը եւ լուծելով համայնքի հիմնական խնդիրը։

«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորի խոսքով, պետական սահմանի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն այսուհետ թույլ կտա սահմանամերձ համայնքներում արգելված գյուղատնեսական աշխատանքները վերսկսել։ Վարձակալությամբ եւ սեփականության իրավունքով ձեռք բերված հողատարածքներն այսուհետ անարգել մշակվելու են։ Համայնքների բնակիչները հնարավորություն կունենան նաեւ մոտակա ջրամբարներում զբաղվել ձկնորսությամբ։