ԱՀԿ քարտուղարությունը ստացել է կազմակերպությունից ԱՄՆ դուրս գալու վերաբերյալ փաստաթղթերը, ասել է ՌԴ ԱԳՆ ՄԱԿ օպերատիվ գործունեության եւ միջազգային զարգացմանը նպաստելու հարցերով բաժնի պետ Գրիգորի Ուստինովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է (ԱՀԿ-ից) իր դուրս գալու մասին, այս հարցում անհրաժեշտ է որոշակի ընթացակարգեր պահպանել։ Այդուհանդերձ, այդ մասին հայտարարվել է, եւ ԱՀԿ քարտուղարությունը ստացել է համապատասխան նոտաներն ու փաստաթղթերը»,- ասել է նա «Համակեցություն» համաժողովի ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի սկզբին Կոնգրես էր ուղարկել պաշտոնական իրազեկում ԱՀԿ-ից երկրի դուրս գալու մասին։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրն ԱՀԿ-ի հետ հարաբերությունները դադարեցնում է, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել էր պահանջվող բարեփոխումներ անցկացնել»։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն «այդ միջոցները կվերաուղղորդի ամբողջ աշխարհին առողջապահության շտապ կարիքների համար»։ Թրամփն ԱՀԿ-ին նաեւ մեղադրել էր, որ Չինաստանի շահերից ելնելով թաքցրել է կորոնավիրուսի համաճարակի մասշտաբները։ Պետքարտուղարությունից հայտարարել էին, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ից կհեռանա 2021 թվականի հուլիսին։