ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նամակ է հղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին` ամերիկյան աջակցությունը հայտնելով Հունաստանի դիրքորոշմանն Արեւելյան Միջերկրական ծովում եւ դատապարտելով Թուրքիայի գործողությունները: Այս մասին հայտնում է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA)` վկայակոչելով Հունաստանի դիվանագիտական ​​աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրանց` ԱՄՆ պետքարտուղարը Դենդիասի նամակից ընդամենը մի քանի օր անց, որում նա մանրամասն նկարագրել էր Թուրքիայի վերջին անօրինական եւ սադրիչ գործողությունները, պատասխան ուղերձ էր հղել: Դրանում Պոմպեոն շեշտել է, որ «Հունաստանը կայունության հիմնասյուն է տարածաշրջանում» եւ նշել է, որ «Միացյալ Նահանգները դատապարտում են» շարունակվող թուրքական հետախուզումներն այն հատվածներում, որոնց վրա տարածվում է Հունաստանի իրավասությանը (ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի համաձայն` Հունաստանը իրավունք ունի ընդլայնել իր տարածքային ջրերը մինչեւ 12 ծովային մղոն): ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ այդ միակողմանի գործողությունները միայն լարվածության աճի են  հանգեցնում տարածաշրջանում, եւ շեշտել է, որ սպառնալիքները, վախեցնելու եւ հարկադրանքի փորձերը, ինչպես նաեւ ռազմական գործողությունները չեն վերացնում լարվածությունն Արևելյան Միջերկրական ծովում, հայտնել են աղբյուրները:

Դիվանագիտական ​​աղբյուրները նշում են, որ ԱՄՆ պետքարտուղարի նամակը մեծ գոհունակությամբ է ընդունվել Հունաստանի ԱԳՆ-ում, քանի որ դա Հունաստանի դիրքորոշումների օրինականության հերթական հաստատումն է:

Հունաստանը չի ճանաչում 2019-ի նոյեմբերին Անկարայի կողմից Տրիպոլիում տեղակայված կառավարության հետ Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ծովային շելֆի սահմանազատման մասին փոխըմբռնման հուշագիրը: Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի` փաստաթուղթը, որում ծովային շելֆի եւ Թուրքիայի եւ Լիբիայի բացառիկ տնտեսական գոտիների իրական սահմանազատման կոորդինատներն են, Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ գտնվող հունական կղզիները զրկում է մայրցամաքային շելֆի եւ բացառիկ տնտեսական գոտիների իրավունքից: Իր հերթին, Հունաստանն այս ամառ Իտալիայի եւ Եգիպտոսի հետ համաձայնագիր էր կնքել ծովային գոտիների սահմանազատման մասին: Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում հունա-եգիպտական ​​համաձայնագիրը, եւ իր Oruc Reis հետազոտական ​​նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ սեյսմիկ հետազոտության նպատակով ուղարկել էր Կաստելորիզոյի մոտ գտնվող հունական ջրեր: