ԱՄՆ-ը կձգտի վերացնել Սուդանի հանդեպ ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել են Դարֆուրում հակամարտության պատճառով, քանի որ նոր կառավարությունը խաղաղություն կհաստատի: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրա խոսքով՝ Սուդանի նոր կառավարությունը «էական բարելավումներ» է կատարել մարդու իրավունքների ոլորտում, այդ թվում՝ Դարֆուրում: «Միացյալ Նահանգները հավատարիմ է Սուդանի կառավարության եւ մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքին` պարզելու համար այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել Դարֆուրի հակամարտության հետ կապված պատժամիջոցների շուտափույթ վերացմանը»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ: «Այդ նպատակով մենք արդեն սկսել ենք խորհրդակցությունները ՄԱԿ-ում»:

Սուդանի նոր կառավարությունը մեկ ամիս առաջ պատմական համաձայնագիր է ստորագրել Դարֆուրում, ինչպես նաեւ Երկնագույն Նեղոսի հարավային նահանգներում ու Հարավային Կորդոֆանում գործող ապստամբների հետ:

2005-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը զենքի էմբարգո, ուղեւորությունների արգելք է մտցրել երկրի համար, ինչպես նաեւ՝ ակտիվների սառեցում է սահմանել յուրաքանչյուրի նկատմամբ, ով խոչընդոտել է Դարֆուրում խաղաղ ջանքերին:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել էր ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցուցակից Սուդանը հանելու գործընթացը այն բանից հետո, երբ նոր կառավարությունը համաձայնել է ճանաչել Իսրայելը եւ 335 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել Օմար ալ-Բաշիրի կառավարման տարիներին տեղի ունեցած հարձակումներից փրկվածներին եւ զոհվածների ընտանիքներին։