Ամերիկացի տասնյակ միլիոնավոր ընտրողներ կորոշեն՝ թողնե՞լ պաշտոնում գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփին եւս 4 տարի, թե՞ նրան փոխարինել Դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենով, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ 

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ավելի քան 97 մլն մարդ վաղօրոք է քվեարկել։ Սա 2016 թվականի ընտրություններում ընտրողների ընդհանուր թվի (գրեթե 139 մլն) երկու երրորդից ավելին է։

Որոշ գնահատականներով՝ այս տարի ընտրություններին մասնակցելու են ռեկորդային թվով ընտրողներ՝ 150 մլն կամ նույնիսկ ավելի։

Հեռակա քվեարկության համար քվեաթերթիկների հաշվարկի ժամկետները որոշվում են նահանգների օրենքներով, եւ որոշ դեպքերում այն կարող է ընթանալ երեքշաբթիից հետո։ Սա հաշվի առնելով՝ ընտրությունների արդյունքները կարող են որոշվել միայն մի քանի օր հետո։

Մի քանի քաղաքներում, ներառյալ Նյու Յորքը եւ Վաշինգտոնը Սպիտակ տան շրջակայքում, իշխանությունները եւ առեւտրականները ցուցափեղկերը փակել են տախտակե վահաններով, որ կանխեն պոտենցիալ վնասն ու կողոպուտը ընտրություններից հետո բռնության բռնկումների դեպքում։

Ամերիկացիներն ընտրում են երկու թեկնածուների միջեւ, որոնք 70-ին մոտ են։ Երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին Բայդենը կդառնա 78 տարեկան, իսկ Թրամփը՝ 74։ Ցանկացած դեպքում հաղթողը կդառնա ամերիկացի ամենածեր առաջնորդը։

Դրանից բացի, ընտրողները որոշելու են, թե ովքեր պետք է զբաղեցնեն Ներկայացուցիչների պալատում 435 տեղերը եւ Սենատում 100 տեղից 35-ը։

ԱՄՆ նախագահը չի ընտրվում ուղղակի քվեարկությամբ։ Ընտրությունների ելքը փաստացի որոշվում է առանձին նահանգներում եւ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում քվեարկության արդյունքների հիման վրա։

Հաղթողը պետք է ստանա 538 մարդուց կազմված ընտրողների կոլեգիայի 270 ձայնի մեծամասնությունը։

ԱՄՆ-ում քվեարկության առաջին արդյունքները հաստատել են առանց այն էլ հայտնի փաստը՝ երկիրը խորապես պառակտված է, եւ նախագահական ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի են։

Դեմոկրատների առաջադրած նախագահի թեկնածու Ջո Բայդենը համոզիչ հաղթանակ է տարել Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոթչում։

Նրա օգտին են քվեարկել Կանադայի սահմանին գտնվող բնակավայրի 5 ընտրողները, որտեղ ավանդաբար ձայների հաշվարկը կատարվում է անմիջապես կեսգիշերից հետո։ Այսպիսով, Բայդենը ընտրությունների օրը գրանցել է իր առաջին հաղթանակը։

Բայց, չցանկանալով հետ մնալ, նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Միլսֆիլդում, որը 18 կմ հարավ է գտնվում։ Այստեղ Թրամփի օգտին է քվեարկել 16 մարդ, իսկ Բայդենի՝ 5։

Այսպիսով, այս պահին Թրամփը առաջատարն է 16 ձայնով ընդդեմ Բայդենի 10 ձայնի։