Կատարի էմիրը հայտարարել է, որ հաջորդ տարի երկրում կանցկացվեն գերագույն խորհրդատվական խորհրդի ընտրություններ, հայտնում է AP-ը:
Ելույթ ունենալով ազգային օրենսդիր մարմնում, որը հայտնի է որպես Շուրայի խորհուրդ, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին ասել է, որ առաջին քվեարկությունը տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերին: Նա դա անվանել է «կարեւոր քայլ», որի նպատակը «քաղաքացիների ավելի մեծ մասնակցությամբ օրենսդրական գործընթացի զարգացումն է»:
Անցյալ տարի շեյխ Թամիմը կարգադրել էր կոմիտե ձեւավորել՝ Շուրայի խորհրդի ընտրությունները կազմակերպելու համար, բայց այդպես էլ չէր հայտարարել քվեարկության օրը: Կատարի սահմանադրությունը, որը հաստատվել է 2003թ. հանրաքվեով, կոչ է անում կառավարությանը ընտրություններ անցկացնել Շուրայի խորհրդի համար եւ արդյունքում ընդլայնել խորհրդի լիազորությունները՝ նախարարներին պաշտոնանկ անելու, ազգային բյուջեն հաստատելու, օրենքներ մշակելու եւ առաջարկելու իրավասություններ տալով:
Ընտրությունները Կատարի քաղաքացիներին թույլ կտան ընտրել Շուրայի խորհրդի 45 անդամներից 30-ին, որոնք ներկայումս ընտրվում են պետության ղեկավարների կողմից: Խորհուրդը օրենսդրական էական իրավասություններ չունի, բայց էմիրին նոր օրենքների եւ քաղաքականության հարցերով խորհրդատվություններ է տալիս:





























