ԱՄՆ համընդհանուր ընտրություններում քվեարկածների մեծ մասը կարծում է, որ իշխանություններն արդյունավետ չեն պայքարում պանդեմիայի տարածումը կանխելու համար: Այս մասին վկայում են CNN հեռուստաալիքի հրապարակած հարցման արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հարցման մասնակիցներին հարց են ուղղել այն մասին, թե իրենց կարծիքով ինչպես է ԱՄՆ իշխանություններին հաջողվում պայքարել պանդեմիայի դեմ: 48 տոկոսը նշել է «լավ», իսկ 51 տոկոսը՝ «վատ»: 52 տոկոսը գլխավոր խնդիր է անվանել «վիրուսի տարածումը զսպելը», իսկ 42 տոկոսը՝ «տնտեսությունը վերականգնելը»:

Մասնակիցների 30 տոկոսը կարծիք է հայտնել, որ դիմակ կրելը «յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է», իսկ 60 տոկոսը դա պարտադիր է անվանել: Մասնակիցների 34 տոկոսն ասել է, որ իրենց ամենից շատ մտահոգում են տնտեսական հարցերը, 21 տոկոսն առանցքային խնդիր է անվանել ռասայական անհավասարությունը, 18 տոկոսը՝ կորոնավիրուսը, 11 տոկոսը՝ իրավակարգի պահպանումը, նույնքան տոկոս՝ առողջապահությունը: