ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ընտրություններում հանրապետականներն ու դեմոկրատները գործնականում հավասար են ընթանում, սակայն Հանրապետական կուսակցության անդամները առայժմ ոչ մեծ առավելություն ունեն։ Այսպիսի կանխատեսում է ներկայացնում Fox News հեռուստաալիքը։
Ըստ այդ տվյալների՝ հանրապետականներն ապահովում են այս ընտրությունների ժամանակ վիճարկվող 35 տեղից 17-ի վերահսկողությունը։ Դեմոկրատներն իրենց հերթին առաջատար են 11 նահանգներում։ Ընդհանուր առմամբ ընթացիկ դասավորությամբ՝ նոր գումարման Սենատում հանրապետականները կարող են վերահսկել 100-ից 47 տեղը, մինչդեռ դեմոկրատները՝ 46։ Ներկայումս եւս 7-ի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Ընթացիկ գումարման Սենատում հանրապետականները վերահսկում են 100 տեղից 53-ը, իսկ դեմոկրատները երկու անկախ թեկնածուների հետ միասին՝ 47։ Ներկայիս ընտրություններում ԱՄՆ քաղաքացիները պետք է ընտրեն Սենատի 35 անդամի։ Քվեարկությունն ընթանում է 34 նահանգում․ դրանցից 33-ում սա հերթական ընտրություն է, Արիզոնա նահանգում հանրապետական սենատոր Ջոն Մըքկեյնի մահվան պատճառով անցկացվում է արտահերթ քվեարկություն, իսկ Ջորջիա նահանգում ընտրում են միանգամից երկու սենատորի այն բանից հետո, երբ հանրապետական Ջոն Իսակսոնը հայտարարեց հիվանդության պատճառով համապատասխան լիազորությունները վայր դնելու մասին։
Սենատում մեծամասնության հասնելու համար դեմոկրատները պետք է ստանան նվազագույնը 3 լրացուցիչ տեղ։ Դա բավարար կլինի, եթե նրանք նաեւ հաղթեն նախագահական ընտրություններում, քանի որ Սենատում ձայնի իրավունք է ստանում դեմոկրատներից ընտրված փոխնախագահը։ Իսկ եթե Սպիտակ տանը մնան հանրապետականները, Սենատը վերահսկելու համար կպահանջվի 4 նոր տեղ։





























