Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ինքնամեկուսացել է եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի՝ այն հանագամանքով պայմանավորված, որ արդարադատության նախարար Նիկ Հեքերուփի մոտ հաստատվել է այդ ինֆեկցիայի առաջացրած հիվանդությունը։ Այս մասին այսօր հայտնել է վարչապետի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գրասենյակից հստակեցրել են, որ հոկտեմբերի 30-ին վարչապետը հանդիպել է արդարադատության նախարարի հետ, նրանց զրույցի ժամանակ պահպանվել է սոցիալական հեռավորությունը։ «Ներկայումս վարչապետի մոտ COVID-19-ի ախտանիշներ չկան, եւ նա հնարավորության սահմաններում աշխատանքը շարունակում է վիրտուալ հանդիպումներում»,- հավելել են գրասենյակից։
Երեքշաբթի Դանիայի խորհրդարանում (Ֆոլկետինգում) մի շարք նախարարների ու խորհրդարանականների ինքնամեկուսացման պատճառով հետաձգվել է քննարկվող 3 օրինագծերի քվեարկությունը։ Ներկայումս 20 նախարարից 13-ը սպասում է հանձնած թեստերի արդյունքներին, ախտորոշումը հաստատվել է Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Սերեն Թոուլսենի մոտ։
Դանիայույմ նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է մինչեւ 49 594-ի, վարակվելուց հետո բարդությունների հետեւանքով մահացած պացիենտների թիվը կազմում է 728։ Դանիայի կառավարությունը կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի աճի ֆոնին հոկտեմբերի 23-ին հայտարարել է 10 մարդուց ավելի թվաքանակով հավաքների արգելման մասին, ինչպես նաեւ բոլոր հանրային վայրերում դիմակ կրելու անհրաժեշտության եւ տեղական ժամանակով 22։00-ից հետո ալկոհոլի վաճառքի արգելքի մասին։





























