Վիեննայում ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը` նշելով, որ ահաբեկչական կազմակերպությունը հարձակմանն իր մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:

Ավելի վաղ Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ ոստիկանության կողմից սպանված ահաբեկիչն Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի երկքաղաքացիություն ունեցող 20-ամյա մի երիտասարդն էր, ով արդեն դատվածություն ուներ «ջիհադ»-ին միանալու եւ ԻՊ-ին անդամակցելու փորձ կատարելու համար: Այդ ժամանակ նրան 22 տարվա ազատազրկման էին դատապարտել, սակայն ժամկետից շուտ ազատ էին արձակել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով` հարձակվողը մտադիր էր Սիրիա մեկնել արմատական ​​իսլամիստների կազմում:

Հիշեցնենք, որ Վիեննայում երկուշաբթի ուշ երեկոյան ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Հարձակումների արդյունքում 22 մարդ էր վիրավորվել: Ավստրիայի ոստիկանությունը 14 մարդ է ձերբակալել, ովքեր կասկածվում են հարձակմանը մասնակցության մեջ: Եվս երկու մարդ ձերբակալվել է Շվեյցարիայում: