ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ելքը մազից է կախված․ գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա մրցակից Ջո Բայդենը առանցքային տատանվող նահանգներում գրեթե հավասար են ընթանում, չնայած դեմոկրատների թեկնածուն մի փոքր առավելություն ունի, եւ հաղթելու նրա հնարավորությունը առայժմ փոքր-ինչ բարձր է թվում։ Սակայն թեկնածուներից ոչ մեկը չի կարող ստույգ պնդել, որ հաղթել է, եւ նախընտրական երկու շտաբներն էլ հայտարարել են, որ հաղթելու բոլոր հնարավորություններն ունեն, փոխանցում է BBC-ն։
Մրցապայքարը ավարտին է մոտենում մեր օգտին, ասում են Բայդենի ընտրական շտաբից։ Դեմոկրատների թեկնածուն չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ պատրաստ չէ իրեն հաղթող հայտարարել, բայց իր հաղթանակին վստահ է, երբ քվեարկության արդյունքներն ամփոփվեն։
«Ձայների հաշվարկի երկար տեւած գիշերվանից հետո ակնհայտ է, որ մենք հաղթում ենք բավական թվով նահանգներում, որպեսզի ստանանք ընտրիչների 270 ձայնը,- ասել է Բայդենը։ - Ես այստեղ եմ ոչ այն նպատակով, որ հայտարարեմ իմ հաղթանակի մասին, այլ հայտնելու համար, որ ձայների հաշվարկից հետո մենք, վստահ եմ, հաղթելու ենք»։
Թրամփը նույնպես արդեն հայտարարել է սեփական հաղթանակի վստահության մասին եւ խոստացել Գերագույն դատարան հայց ներկայացնել ընտրություններում թույլ տրված խախտումների վերաբերյալ՝ չներկայացնելով, սակայն, խախտումների որեւէ ապացույց։
«Սա մեր երկրի համար խայտառակություն է,- ասել է Թրամփը չորեքշաբթի վաղ առավոտյան ելույթ ունենալով Սպիտակ տան Արեւելյան սենյակում։ - Մենք կդիմենք Գերագույն դատարան։ Մենք ցանկանում ենք, որ ձայների հաշվարկը դադարեցվի։ Մենք չենք ցանկանում, որ նրանք առավոտյան 4-ին ինչ-որ քվեաթերթիկներ գտնեն եւ արդյունքներին ավելացնեն [այդ ձայները]»։
Ամենայն հավանականությամբ, այս անգամ մասնակցությունը կլինի վերջին հարյուրամյակում ամենամեծը։ Ավելի քան 100 մլն մարդ արտահերթ քվեարկել է մինչ ընտրությունների օրը, իսկ եւս տասնյակ միլիոնավոր ընտրողներ իրենց ձայնը տվել են երեքշաբթի։
Բայդենը ոչ մեծ առավելություն ունի մի քանի առանցքային նահանգներում, բայց Թրամփի արդյունքները, ինչպես եւ 2016 թվականին, գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները։ Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընտրիչների կոլեգիայի 538 ձայնից 270-ը։ BBC-ի հաշվարկներով՝ Գրինվիչի ժամանակով 22։00-ին Բայդենն ունի 243 ձայն, Թրամփը՝ 214։
Խզումը Փենսիլվանիա, Միչիգան եւ Վիսկոնսին նահանգների թեկնածուների միջեւ, որոնք չորս տարի առաջ Թրամփին Սպիտակ տուն բերեցին, շատ փոքր է: Այնուամենայնիվ, չորեքշաբթի գիշերը համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, այդ թվում` Reuters-ը եւ New York Times-ը, հայտարարեցին Միչիգանում Բայդենի հաղթանակի մասին:
Այժմ Բայդենն առաջատար է նաեւ Վիսկոնսինում, իսկ Փենսիլվանիայում Թրամփի առաջատար դիրքը կարող է զրոյանալ, երբ կհաշվարկվեն փոստով եկած բոլոր ձայները:
Սակայն Վիսկոնսինում հանրապետականները հայտարարել են, որ անմիջապես կպահանջեն վերահաշվարկ իրականացնել նահանգում` վկայակոչելով մի քանի ընտրատարածքներում խախտումների մասին հաղորդագրությունները:
Բայդենը կարող է հաղթել նաեւ Արիզոնայում, որն ավանդաբար քվեարկել է հանրապետականների օգտին, եւ առաջ է անցել Նեւադայում` չնայած սպասվում է, որ այնտեղ հաշվարկը չի վերսկսվի մինչեւ հինգշաբթի:
Այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ գործող նախագահը կհաղթի Ֆլորիդայում, որն այնքան կարեւոր նահանգ է ընդհանուր ընտրությունների համար, եւ պահպանողական Տեխասում, որտեղ Բայդենի նախընտրական արշավը ձախողվեց:
Ջորջիայում եւ Հյուսիսային Կարոլինայում երկու թեկնածուների արդյունքները նույնպես շատ մոտ են, չնայած Թրամփը դեռ փոքր-ինչ առաջ է անցնում Բայդենից:
Թրամփը, ըստ BBC-ի կանխատեսումների, կստանա նաեւ Օհայոն եւ Միսուրին` այսպես կոչված «բարոմետր նահանգները», որոնցում հաղթողը, որպես կանոն, արդյունքում զբաղեցնում է Սպիտակ տունը:
Բայդենը դեռ հստակ առաջատար է համապետական քվեարկությունում` հավաքելով ձայների 50 տոկոսը` 2.5 միլիոնով ավել, քան Թրամփը: Սակայն 2016-ին Հիլարի Քլինթոնը գրեթե երեք միլիոն ավել ձայն ստացավ, քան Թրամփը, սակայն, այնուամենայնիվ, պարտվեց ընտրություններում:
Հանրապետականները պայքարում են նաեւ Սենատում մեծամասնությունը պահպանելու համար: Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատը կմնա դեմոկրատների ձեռքում:





























