Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է ներկայացրել, որ Հաագայում հատուկ դատարանի առջեւ կանգնի ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով, փոխանցում է AP-ն։

Տաչին իր հրաժարականի մասին հայտարարել է Պրիշտինայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ինքը քայլ է անում «Կոսովոյի նախագահության ամբողջականության պաշտպանության համար»։

Տաչին այն մի քանի քաղաքական գործիչներից մեկն է, որոնց առաջադրվել են հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների, բռնի անհետացումների, հետապնդումների եւ խոշտանգումների մեղադրանքներ։

Նրանց թվում է նաեւ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Կադրի Վեսելին։

Չեն հրապարակվում Տաչիի, Վեսելիի եւ մյուսների դեմ ըստ 10 կետով մեղադրանքի՝ մեղադրական եզրակացության ստույգ մանրամասները։ Այս տարի ավելի վաղ մեղադրանքների մասին հայտարարելով՝ դատախազությունից նշել էին, որ Տաչին եւ մյուս անձինք «քրեական պատասխանատվություն են կրում գրեթե 100 սպանության համար»։

Հաագայում դատարանը իրավասու է քննելու եւ դատական կարգով հետապնդելու Կոսովոյում կամ 1998-2000 թվականների հակամարտությունների հետ կապված ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին հայտարարությունները։