Դալայ լաման մեկնաբանել է իսլամիստների կողմից վերջերս Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում իրականացված ահաբեկչությունները` կոչ անելով չխառնել առանձին ծայրահեղականներին եւ բոլոր մահմեդականներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին շրջանում Եվրոպայում մի քանի զինված հարձակում է տեղի ունեցել իսլամական ֆունդամենտալիստների կողմից, սակայն մենք չենք կարող այս դժբախտության մեջ մեղադրել բոլոր մահմեդականներին: Դա սխալ կլիներ»,- հինգշաբթի ասել է Դալայ լաման ռուս բուդդիստների համար անցկացվող առաջին առցանց դասընթացին` պատասխանելով հարցին, թե ինչպես հաշտեցնել խոսքի ազատությունն ու իսլամական դոգմատիզմը Ֆրանսիայում տեղի ունեցածի լույսի ներքո:

Ըստ նրա` եթե ծայրահեղական տրամադրված մի մահմեդական հանցագործություն է կատարել, սխալ է դրա համար մեղադրել իսլամի բոլոր հետեւորդներին: «Օրինակ, տիբեթական բուդդիզմի հետեւորդների մեջ կան մարդիկ, ովքեր կոնֆլիկտներ են ստեղծում, սակայն սխալ կլինի այդ պատճառով ասել, որ բոլոր բուդդիստնեն այդպիսին են»,- պարզաբանել է հոգեւոր առաջնորդը:

Նրա կարծիքով` եվրոպական երկրները, համաշխարհային պատերազմներից հետո ստեղծելով Եվրամիությունը, «լավ մոտեցում» են օգտագործում. նրանք կուտակում են տարբեր խնդիրների լուծման փորձը եւ «դեպի առաջընթաց են գնում»: «Եվրամիության ստեղծումից հետո դրա անդամների միջեւ ռազմական բախումներ չեն եղել: Ես անընդհատ ասում եմ, որ լավ կլիներ, եթե ավելի ու ավելի շատ պետություններ, օրինակ` Աֆրիկայի երկրները, Լատինական Ամերիկան ​​եւ շատ այլ երկրներ, հետեւեն միացյալ Եվրոպայի օրինակին»,- հավելել է Դալայ լաման