Եվրամիության օդանավակայանները շտապ օգնության կարիք ունեն` կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին ասվում է Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Աշխատատեղերի լայնածավալ կորուստներն ու անվճարունակությունն այլեւս ամենավատ կանխատեսումները չեն եվրոպական օդանավակայանների համար: Մենք արդեն նայում ենք ատրճանակի փողին, եւ ճգնաժամը շարունակում է խորանալ: Այս իրավիճակը պահանջում է անհապաղ եւ վճռական գործողություններ` ԵՄ մակարդակով ավիացիայի վերականգնման հատուկ կառույցի օգնությամբ, որը թույլ կտա աջակցություն ստանալ 2021 թվականից հետո, եւ կառավարությունների օգնությամբ, որոնք տրամադրում են համապատասխան ֆինանսական աջակցություն»,- հայտարարել է ACI-ի եվրոպական բաժանմունքի գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցը:

Նրա խոսքով՝ օժանդակությունը «առաջնահերթության կարգով պետք է ներառի օդանավակայանի բոլոր աշխատակիցների գործազրկության աջակցության ծրագրերի ընդլայնումը, օդանավակայաններում կորցրած եկամտի փոխհատուցումը եւ օդային ծառայությունների վերականգնման աջակցությունը մինչեւ 2023 թվականը»: