Նյու Յորքում Մանհեթենի Վաշինգտոն սքվեր այգին լցված է հարյուրավոր երիտասարդներով, որ նշեն նախագահական ընտրություններում «Ջո Բայդենի հաղթանակը»՝ մինչդեռ քվեարկության արդյունքները դեռեւս անհայտ են, առայժմ ամեն ինչ խաղաղ է ընթանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ն։ 

Այգում հավաքվել են մի քանի անգամ ավելի շատ մարդիկ, քան նախօրեին, երբ ցույցը վերաճել էր ոստիկանների հետ բախումների եւ զանգվածային ձերբակալությունների։ Երիտասարդները պարել են, երգել կիթառի նվագակցությամբ։ Ինչ-որ մեկը բերել էր իր նկարները եւ դասավորել գետնին։ Հարյուրավոր մարդիկ երթ են կազմակերպել։

Այստեղ բոլորը աջակցում են Բայդենին կամ ընտրություններում երկու թեկնածուի հանդեպ էլ չեզոք են։ Բայց բազմության մեջ նաեւ պաստառներ են երեւում գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։

«Գրողը տանի, մենք դա արեցինք։ Թվերը չեն ստում»,- վանկարկել են հավաքվածները։

«Ջոն այսօր, կարծես, հաղթել է։ Թրամփը, կարծես, պարտվում է։ Այնպես որ, տոնում ենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մասնակիցներից մեկը։