Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է այս մրցապայքարում հաղթել՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ այն նահանգներում հաղթելուն զուգահեռ, որոնք դարձել են «մարտադաշտ», չնայած հեռուստատեսությունը խուսափել է հայտարարել նրա հաղթանակի մասին, քանի դեռ ընտրողների ձայների հաշվարկը շարունակվում է, հայտնում է Reuters-ը։ 

«Թվերը մեզ ասում են․․․սա հստակ եւ համոզիչ պատմություն է․ մենք պատրաստվում ենք հաղթել այս մրցապայքարում»,- նշել է Բայդենը։

Նա նաեւ շեշտել է, որ ինքն ու փոխնախագահի իր թեկնածու Քամալա Հարիսը արդեն հանդիպել են փորձագետների հետ եւ պատրաստվում են ստանձնել Սպիտակ տանը իրենց պարտականությունները։

Reuters-ը նշում է, որ 2000 թվականից ամերիկացիներն այս նախագահական ընտրությունների արդյունքներին սովորականից ավելի երկար են սպասել։

Կորոնավիրուսի համավարակը շատերին ստիպել է ընտրությունների օրը խուսափել ընտրողների խոշոր խմբերից։

Դեռեւս պետք է հաշվարկվեն հազարավոր ձայներ։

Ընտրությունների ֆոնին ամբողջ Ամերիկայում տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ։ Այսպես՝ Ֆիլադելֆիայում եւ Նյու Յորքում Բայդենի կողմնակիցները պարելով են նշել նրա հնարավոր հաղթանակը, իսկ Թրամփի կողմնակիցները Ֆենիքսում եւ Դետրոյթում հայտարարել են «գողացված ընտրությունների» մասին եւ տասնյակ ցույցեր են անցկացրել «Դադարեցրե՛ք գողությունը» կարգախոսի ներքո։