Լիբանանի նախագահ Միշել Աունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբանանը ապացույցներ եւ փաստաթղթեր կփնտրի Միացյալ Նահանգներից, որոնք Վաշինգտոնին ստիպել են պատժամիջոցներ կիրառել իր փեսայի՝ նախագահամետ քրիստոնեական «Ազատ հայրենասիրական շարժման» առաջնորդ Ջեբրան Բասիլի դեմ, հաղորդում է Reuters-ը:
Ուրբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բասիլի դեմ՝ մեղադրելով նրան կոռուպցիայի եւ «Հըզբոլլահ» շարժման հետ կապերի համար, որին Վաշինգտոնը համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Աունը խնդրել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Շարբել Վահբին հավաքել լիբանանյան դատական համակարգին ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ ապացույցներ՝ «բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները ձեռնարկելու համար»,- ասվում է նախագահի վարչակազմի թվիթում:
Նշվում է, որ ավելի վաղ Լիբանանի նախագահն արդեն ձեռնարկել է նման միջոցներ՝ կապված Վաշինգտոնի կողմից երկրի երկու նախկին նախարարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ, որոնք մեղադրվում են նաեւ «Հըզբոլլահ»-ի հետ կապերի մեջ:





























