Արգենտինայի իշխանությունները ձեռք են բերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 22 մլն չափաբաժին, որը ստեղծվել է AstraZeneca դեղագործական ընկերության կողմից Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ: Այդ մասին հաղորդում է Infobae պորտալը՝ հղում անելով լաբորատորիայի ղեկավարությանը:

Հայտնի է դարձել, որ AstraZeneca-ն ու Արգենտինան ստորագրել են համաձայնագիր համավարակի դեմ պայքարի շրջանակում պատվաստանյութը մատակարարելու մասին:

Նշվում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է բաշխել պատվաստանյութի չափաբաժինները, եթե երրորդ փուլի կլինիկական փորձարկումները հաջողությամբ անցնեն, հաղորդում է Գազետա.ru-ն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութի փորձարկումները վերսկսվել էին կամավորի ոչ ադեկվատ արձագանքի պատճառով դադարեցնելուց հետո, երբ կամավորի մոտ հայտնաբերվել էր լայնակի միելիտ (ողնուղեղի բորբոքային հիվանդություն): Բժիշկները կասկածում էին, որ դա կարող էր լինել պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը: