Կիրակի անբարենպաստ համաճարակաբանական դրությամբ երկրներից Գերմանիա ժամանող մարդկանց համար ուժի մեջ են մտել կարանտինի նոր կանոններ: Ինչպես գրում է Die Zeit-ը, ինքնամեկուսացումը կտեւի 10 օր 14-ի փոխարեն, ինչպես նախկինում էր, սակայն դրա համար նախքան ժամանումն անհրաժեշտ է անձնական տվյալներն ավելացնել օնլայն ռեգիստրում:

Նախկինում ժամանողները կարող էին հանձնել կորոնավիրուսի թեստ եւ բացասական արդյունքի դեպքում դադարեցնել կարանտինը ցանկացած պահին: Այդ հնարավորությունը պահպանվում է, սակայն միայն ինքնամեկուսացման 5-րդ օրից սկսած:

Բացառություն են կազմում մարդիկ, որոնք մուտք են գործում ԳԴՀ տրանզիտի նպատակով, ինչպես նաեւ բեռնատարների վարորդները, որոնք փոխադրում են բեռը սահմանով; մեքենավարներն ու օդաչուները, դիվանագետները, իշխանության ներկայացուցիչները, որոնք վերադառնում են օտերկրյա ուղեւորություններից: Չպետք է սահմանել կարանտին սահմանամերձ շրջանների բնակիչների համար, որոնք գնումներ են կատարում ուրիշ երկրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գերմանիայի իշխանություններն անդադար թարմացնում են անբարենպաստ համաճարակաբանական դրությամբ երկրների ցանկը: Այժմ այդտեղ ներառված է գրեթե ամբողջ Եվրոպան՝ ներառյալ Ռուսաստանը: Ընթացիկ շաբաթվա ընթացքում այդ ցանկում ավելացել է Իտալիան, ինչպես նաեւ Դանիայի, Լիտվայի, Պորտուգալիայի եւ Շվեդիայի որոշ շրջանները: