Ֆրանսիայի գինեգործական հատվածը ներկայացնող կազմակերպիչները հույս ունեն, որ ԱՄՆ նոր նախագահը թույլ կտա Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին կարգավորել առեւտրային վեճերը, որոնք սրվել էին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք եւ մեծ վնաս էին հասցնում ֆրանսիական գինիների արտահանմանը, գրում է RFI-ը:

«Ես հույս ունեմ, որ առաջին թեման (ԱՄՆ ապագա վարչակազմի եւ ԵՄ-ի միջեւ) կլինի նախկին մաքսատուրքերը եւ ֆրանսիական գինիների հարկման մասին նորմալ ռեժիմը վերականգնելու շուրջ»,- ընտրությունները մեկնաբանել է Գյուղատնտեսական աշխատողների արհմիությունների ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կից Գինեգործների խորհրդի նախագահ Ժերոմ Դեսփին:

2019 թվականի կեսերին Թրամփը սահմանել էր 25-տոկոսանոց մաքսատուրք ֆրանսիական շշալցված ոչ փրփրուն գինիների, ինչպես նաեւ այլ եվրոպական երկրների ալկոհոլային արտադրանքի համար: Դա կտրուկ բարձրացրել էր ԱՄՆ-ում ֆրանսիական գինիների գինը: Այդ հարկը Թրամփի կողմից սահմանվել էր Airbus եւ դրա ամերիկյան մրցակից Boeing ինքնաթիռների արտադրողների միջեւ «առեւտրային վեճի» ժամանակ:

Այդ որոշումը լուրջ հետեւանքներ է ունեցել ֆրանսիական գինեգործական ոլորտում. ֆրանսիական ընկերությունները կորցրել են օրական մինչեւ մեկ միլիոն եվրո: Ընդհանուր վնասը կազմել է շուրջ 400 միլիոն եվրո տարեկան:

Սակայն ԱՄՆ ապագա նախագահը քիչ է արտահայտվել Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային վեճի մասին: «Ջո Բայդենը երբեք չի հիշատակել մաքսատուրքերի թեման, սակայն մենք կարող ենք ասել, որ նրա ընտրվելը բարենպաստ հանգամանք է նոր բանակցությունների համար»,-հույս է հայտնել Ժերոմ Դեթփին: Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել է անցած չորեքշաբթի, որ ամերիկյան ընտրություններն անկախ արդյունքից «շատ են փոխում մեր կոմերցիոն հարաբերությունները»: