Ցավոք, Թուրքիայի հանդեպ Գերմանիայի մեղմ մոտեցումն անհաջողությամբ է պսակվել: Այս մասին գերմանական Welt թերթին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը:

«Անկարայի հանդեպ Բեռլինի քաղաքականությունը կարելի է նկարագրել որպես «հանդարտեցում»: Գերմանացիները փորձում էին սիրաշահել թուրքերին, սակայն՝ ապարդյուն»,-ասել է Դենդիասը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով Գերմանիան Եվրոպական խորհրդին առաջարկել է Թուրքիային հասկացնել, որ «միջազգային իրավունքի խախտումները կարող են հետեւանքներ ունենալ՝ ի վնաս թուրքական տնտեսությանը պատժամիջոցների տեսքով»:

Ինչ վերաբերում է Թուրքիային զենքի վաճառքին, Դենդիասը նշել է, որ Հունաստանին սպառնում է «Թուրքիայի ձեռքում գերմանական զենքը»:

«Անկարան 6 սուզանավ է պատվիրել: Եթե Գերմանիան դրանք մատակարարի, ապա Թուրքիան կրկին առավելություն կստանա»,-ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիան պետք է դադարեցնի այդ սուզանավերի մատակարարումը: