Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վավերացրել է համաձայնագիրը, որն ուժեղացնում է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Կենտրոնական Եվրոպայի այս երկրում՝ նշելով, որ այն պետք է դառնա այնպիսի գործընկերության խորհրդանիշ, որը շարունակվում է անկախ քաղաքական իրադարձություններից, հայտնում է Reuters-ը:

Դուդան հայտարարել է, թե կցանկանար, որ համագործակցությունը շարունակվեր ԱՄՆ նոր վարչակազմի օրոք: «Ես կարծում եմ, որ մեր գործընկերությունը վեր է քաղաքական տարաձայնություններից»,- նախագահական պալատում վավերացման արարողության ժամանակ ասել է Դուդան: «Մենք սպասում ենք, որ ԱՄՆ նոր նախագահը ստանձնի պաշտոնը»,- ասել է Դուդան:

Ընդլայնված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը ավելացել է մինչեւ շուրջ 5500 մարդ, իսկ ԱՄՆ բանակի 5-րդ կորպուսի շտաբերը տեղափոխվել են Գերմանիայից: Սա ուժեղացնում է ԱՄՆ-ի պաշտպանական ներկայությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում:

Թրամփն այս որոշումը կայացրել էր անցյալ տարի, երբ կրճատեց զորքերի թիվը Գերմանիայում: