Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հունգարիայի իր գործընկերոջ հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաեւ առաջիկայում ստորագրվելիք հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հարցերին։

Լրագրողներից մեկի հարցին, թե ստորագրվելիք արձանագրությունների հետ կապված հայկական Սփյուռքից հակասական տեղեկություններ են գալիս, Դավութօղլուն պատասխանել է. «Այս թեմայի վերաբերյալ հայտարարություններ ոչ մեզնից, ոչ էլ Հայաստանից մի սպասեք։ Այդ մասին Շվեյցարիան կհայտարարի։ Մենք մինչ այժմ կոնկրետ օր չենք նշել։ Բայց ասել ենք, որ ամենակարճ ժամկետում կլինի։ Շուտով դուք այդ մասին շվեյցարական կողմից կտեղեկացվեք։ Մեր կարծիքով որեւէ անհանգստության առիթ չկա»։

Դավութօղլուն, անդրադառնալով Քիշնեւում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, ասել է, որ այս տարվա մայիսից մինչ հիմա երկու երկրների նախագահները հանդիպել են 4 անգամ, սակայն դա չի նշանակում, որ այս մեկ հանդիպումով Ղարաբաղյան հարցը կլուծվի, քանի որ այն ունի 17 տարվա պատմություն եւ մի հանդիպումով խնդրի լուծմանը սպասելը ճիշտ չէ։

Լրագրողների հարցին, թե կգա՞ արդյոք Հայաստանի նախագահը հոկտեմբերի 14-ի ֆուտբոլային հանդիպմանը, Դավութօղլուն պատասխանեց. «Իհարկե մենք ցանկանում ենք, որ պարոն Սարգսյանը ազգային հավաքականների խաղին հետեւելու համար ժամանի Թուրքիա։ Բոլորս գիտենք, որ անցյալ տարի մեր նախագահը մեկնեց Երեւան առանց որեւէ հարաբերություններ ունենալու պարագայում եւ դա այսօրվա արդյունքների սկիզբը դարձավ։ Մենք էլ սպասում ենք, որ պարոն Սարգսյանը առանց որեւէ նախապայմանի կգա։ Սպորտային հանդիպումները ջենթլմենության, բարեկամության, մարդկային հաղորդակցման հանդիպում են։ Այս տեսակետից մենք սպասում ենք Հայաստանի նախագահին եւ հավատում ենք, որ կգա»: