Պերուի նախագահ Մարտին Վիսկարան երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ մտադիր է ենթարկվել իրեն իշխանությունից հեռացնելու երկրի խորհրդարանի որոշմանը: Վիսկարայի ելույթը Facebook-ով հեռարձակել է հանրապետության նախագահի աշխատակազմը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Որպես համոզված դեմոկրատ, ես հայտնում եմ, որ չնայած կոնգրեսի կողմից այսօր կայացված որոշման հետ իմ անհամաձայնությանը,... ես կհեռանամ կառավարության պալատից եւ կվերադառնամ տուն»,- ասել է քաղաքական գործիչը՝ պաշտոնական նստավայրի բակում խոսելով մամուլի առջեւ:

Վիսկարան, որի թիկունքում շարված են եղել նախարարների կաբինետի անդամները, նաեւ հավաստիացրել է, որ մտադիր չէ դատարանում բողոքարկել կոնգրեսականների որոշումը:

Նրա կարծիքով, այս որոշումը թելադրված է քաղաքական շահերով: Երկրի օրենսդրության համապատասխան՝ գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունները պետք է ստանձնի խորհրդարանի խոսնակ Մանուել Մերինո դե Լաման:

Երկուշաբթի երեկոյան Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի պաշտոնից Վիսկարային հեռացնելուն: Այս որոշումը պաշտպանել է 130 պատգամավորներից 105-ը: Պետության ղեկավարին իմպիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է 87 խորհրդարանականների համաձայնությունը: Կոնգրեսի 19 անդամներ դեմ են եղել, չորսը՝ ձեռնպահ:

Քաղաքական գործիչը հայտարարվել է «բարոյապես անընդունակ»: Ընդդիմության օրենսդիրները Վիսկարային մեղադրում են երկու շինարարական նախագծերի դիմաց ավելի քան 630 000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ, երբ նա 2011-2014 թվականներին Պերուի հարավային մի փոքր նահանգի կառավարիչ էր: Տեղեկությունները գալիս են հենց շինարարության ղեկավարներից, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ, եւ որոնց պատժաչափերը տեղեկատվության դիմաց կարող են կրճատվել: