Աշխարհը կանգնած է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առջեւ, ասվում է Չեխիայի ռազմական հետախուզության 2019 թվականի զեկույցում, որը հրապարակվել է իր կայքում երեքշաբթի` նոյեմբերի 10-ին:

Վերլուծաբանների կարծիքով` ներկայումս համաշխարհային հակամարտությունն «առաջին փուլում է»:

«Ձեւավորվում է նրանց աշխարհայացքը, ով կարող է եւ ցանկանում է դրան ակտիվորեն մասնակցել, եւ աստիճանաբար որոշվում են տեխնոլոգիական գործիքները, որոնց միջոցով կարելի է դրանք կառավարել»,- ասվում է փաստաթղթում:

Զեկույցի հեղինակները որպես հակամարտության հավանական պատճառ նշում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ մրցակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթում նշում է նաեւ միջազգային իրավունքի կարեւորության անկումը: Խաղաղ երկխոսություն` որպես ի հայտ եկած հակասությունները լուծելու միջոց, գոյություն չունի, եւ համաշխարհային կարգի որոշակիությունը կասկածի տակ է: Բացի այդ, հասարակության գիտակցության շահարկումը եւս նպաստում է լարվածության աճին, կարծում են վերլուծաբանները:

Ավելի վաղ The National Interest-ը գնահատել էր Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի շանսերը հնարավոր պատերազմում: Ինչպես նշում է տեքստի հեղինակ Քրիս Օսբորնը, վկայակոչելով փորձագետների կարծիքը, երկարատեւ ռազմական գործողություններում առավելությունը մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմում: Ընդ որում, ՆԱՏՕ-ն սարսափելի իրավիճակում կհայտնվի, եթե Ռուսաստանը որոշի նախահարձակ կազմակերպել Բալթյան երկրների դեմ, դաշինքն այդ դեպքում չի կարողանա դիմադրել Մոսկվային: