Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը եւ նրա մի քանի նախարարներ կանխարգելիչ ինքնամեկուսացման մեջ են` COVID-19-ով վարակված անձի հետ շփումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Ֆերնանդեսի հանձնած թեստի արդյունքները բացասական էին, սակայն, այնուամենայնիվ, նա ինքնամեկուսացվել է: Ինքնամեկուսացվել են նաեւ արտաքին գործերի, ներքին գործերի եւ կանանց, գենդերային հավասարության եւ բազմազանության հարցերով նախարարները:
Բանն այն է, որ Արգենտինայի վերոնշյալ բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպել էին նախագահի` ռազմավարական հարցերով վարչության քարտուղար Գուստավո Բելիզի հետ, ով, ինչպես պարզվել է, վարակվել էր COVID-19-ով:
Արգենտինան կորոնավիրուսից առավել ծանր տուժած երկրների շարքում է: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.27 միլիոն դեպք: Ընդ որում, հիվանդությունից մահացել է 34531 մարդ:





























