Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Ավստրալիայի ղեկավարներն ԱՄՆ նորընտիր նախագահ  Ջո Բայդենի հետ իրենց առաջին հեռախոսազրույցների ընթացքում վերահաստատել են սերտ կապեր հաստատելու իրենց մտադրություններն այնպիսի լուրջ խնդիրների հաղթահարման համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը, հայտնում է Reuters-ը:

Երեք առանցքային դաշնակիցները` Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյինը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, միացել են մյուս օտարերկրյա ղեկավարներին` ճանաչելով դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը:

Բոլոր կողմերը վճռականություն են հայտնել ամրապնդել երկկողմ կապերն այնպիսի գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը եւ կլիմայի փոփոխությունը:

Ավելի վաղ Բայդենը զրուցել էր Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ, սակայն Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները մինչ այժմ զերծ են մնում Ջո Բայդենին շնորհավորելուց եւ նրա հետ շփվելուց: