Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի իր անօրինական գործողությունները Կիպրոսում եւ ամբողջ տարածաշրջանում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որոնք թույլ կտան վերսկսել արդյունավետ երկխոսությունը կիպրական հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, ով ժամանել է Կիպրոս՝ մասնակցելու Կիպրոսի, Հունաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:

Ըստ Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Պանայոտիս Սենտոնասի՝ նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ Բենի Հանցը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները:

Նախագահը գոհունակություն է հայտնել պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդման կապակցությամբ, որն ուղղված է Միջերկրական ծովի արեւելյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության խթանմանը:

Անաստասիադիսը նաեւ նշել է Կիպրոսի հիմնախնդրի վերջին զարգացումները եւ Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ շնորհակալություն հայտնելով Իսրայելին իր սկզբունքային դիրքորոշման համար:

Հանցը վերահաստատել է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու իր երկրի վճռականությունը եւ նշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի իր անօրինական գործողությունները Կիպրոսում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում, որպեսզի ստեղծվեն բարենպաստ պայմաններ, որոնք թույլ կտան վերսկսել արդյունավետ երկխոսությունը։