Ռուսաստանը կձգտի ստանալ «Բաց երկնքի պայմանագրի» շուրջ պարտավորությունների իրականացման ամուր երաշխիքներ անդամ պետություններից, նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Նոյեմբերի 22-ի գիշերն ԱՄՆ-ն ավարտել է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու գործընթացը: Այսօր կցանկանայինք այդ հարցի շուրջ մեր սկզբունքային վերաբերմունքին ավելացնել որոշ կարեւոր կետեր:

Հատկանշական է, որ հենց Վաշինգտոնն է 1950-ականերին առաջ քաշել պետությունների տարածքում փոխադարձ թռիչքներ կատարելու գաղափարը դրանց աէրոլուսանկարման նպատակով, իսկ 1980-ականների վերջում նախաձեռնել ԲԵՊ կնքումը: Ակնհայտ է, սակայն, որ ԱՄՆ-ը ցանկացել է նախ մանրակրկիտ «լուսաբանել» իրենց համար անհասանելի ԽՍՀՄ տարածքը:

Ավելի քան տասը տարի առաջ ամերիկացի գործընկերներ նաեւ նախաձեռնել են տեղափոխել ԲԵՊ-ը թվային դաշտ՝ ըստ ամենայնի՝ հույս ունենալով իրագործել իրենց գիտատեխնիկական առավելությունը»,-նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Պայմանագրի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքը փոխվել է դեպի վատը, երբ հաճախացել էին ԱՄՆ տարածքում ռուսական թռիչքները եւ, հատկապես, երբ երկիրն առաջինն էր ստեղծել դիտորդական թվային սարքավորում եւ տեղադրել բաց երկնքի իր ինքնաթիռների վրա: Իր բացառիկության այդպիսի «նվաստացում» ամերիկյան կողմը չէր կարող հանդուրժել եւ սկսել էր ստեղծել արգելապատնեշներ Պայմանագրի իրականացման ճանապարհին»,-ասվում է փաստաթղթում:

«Այժմ, դուրս գալով ԲԵՊ-ից, ամերիկյան կողմը հույս ունի, որ իր դաշնակիցները կխոչընդոտեն ռուսական դիտորդական թռիչքներին Եվրոպայում ԱՄN ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաեւ կկիսվեն Վաշինգտոնի հետ ռուսական տարածքում իրենց լուսանկարներով:

Բնականաբար, Ռուսաստանի համար դա անընդունելի է: Կձգտենք ստանալ «Բաց երկնքի պայմանագրի» շուրջ պարտավորությունների իրականացման ամուր երաշխիքներ անդամ պետություններից, ինչպես նաեւ համոզվել, որ ԲԵՊ-ի անդամ չհանդիսացող երրորդ երկրներին մեր տարածքի lուսանկարները չեն փոխանցվում:

Եթե մեր գործընկերներն իսկապես ցանկանում են, որ Պայմանագիրը շարունակի գործել, եւ Ռուսաստանը մնա դրա անդամ պետություն, ապա պետք է լրջորեն մտածեն ռուսական մտահոգությունները վերացնելու ուղղությամբ:

Վաշինգտոնը կատարել է իր քայլը: Դրանից չի շահել ո՛չ եվրոպական անվտանգությունը, ո՛չ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների անվտանգությունը: Այժմ Արեւմուտքում շատերը հարց են տալիս՝ ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը: Ելնելով Ռուսաստանի եւ մեր դաշնակիցների անվտանգության շահերից՝ կընդունենք համապատասխան որոշումներ»,-նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: